Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Տնտեսակա՞ն պատերազմ, թե՞ քաղաքական

Տնտեսակա՞ն պատերազմ, թե՞ քաղաքական
05.06.2018 | 02:23

Հունիսը Հայաստանում սկսվեց տնտեսական պատերազմով, առայժմ հաղթում է վարչապետը, բայց որքանո՞վ է նրա հաղթանակը հիմնավոր ու տևական: Իրադարձությունների մանրամասների մեջ չմտնելով ու չփորձելով տնտեսագիտական գնահատականներ տալ, որ միայն տնտեսագետները պիտի անեն, փորձենք ամփոփել մի քանի օրվա այդ և այլ զարգացումները:


Փաստացի` Հայաստանի ամբողջ իշխանությունը միայն մի խնդիր է դրել իր առաջ` պայքար կոռուպցիայի դեմ: Գուցե այն պատկերացումով, որ կոռուպցիան ամենուր է ու բոլորը կոռուպցիոներ են: Մեղավորության կանխավարկածը տարածել հազարավոր մարդկանց վրա, մեղմ ասած, ոչ իրավական է, ոչ բարոյական, ոչ էլ իմաստ ունի: Գուցե միջազգային կառույցներն են բարձր գնահատում այդ պայքարը ու ֆինանսական աջակցության պայման են դնում: Գուցե քաղաքական հաջողությունը պահելու ամենահուսալի ձևը հանրային հնչեղություն ունեցող բացահայտումներն են, որ թեկուզ պոպուլիզմ են, բայց արդյունք են տալիս: Եթե բոլոր նախարարները պիտի իրենց ոլորտները ղեկավարելու օրակարգային առաջին կետ ունենան «իրենց» կոռուպցիոներներին ջրի երես հանելը, գոնե մի քիչ բուն գործով զբաղվելու համար նախարարություններում պետք է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի առանձին վարչություն` և ավելի արդյունավետ կաշխատեն, և աշխատատեղեր կստեղծեն: Բացահայտումների հաշվին վերականգնված գումարներից էլ թող աշխատավարձ ստանան, որ բյուջեից հավելյալ ծախսեր չպահանջեն: Այլապես ԱԱԾ-ն կարող է վերածվել պետության պետության մեջ, որ հակասում է մարդու իրավունքներին ու իրավական պետության գործառույթներին: Սա` մեկ:


Երկրորդ` ակնհայտ է, որ տնտեսական պատերազմը հիմքում քաղաքական խնդիր է լուծում` փակել նախկին իշխանության ֆինանսական հոսքերը:
Երրորդ` քրեաօլիգարխիկ համակարգի դեմ հատվածական պայքարը` «Մեկին խփենք, որ մյուսներին դաս լինի» սկզբունքով վայել չէ թավշե հեղափոխության առաջադրած նպատակներին ու ստեղծած մթնոլորտին: Պատեհ-անպատեհ հայտարարել, որ Հայաստանում իշխանությունը ժողովրդի ձեռքին է և ժողովրդի անունից միանձնյա որոշումներ ընդունելը ժողովրդավարության ճիշտ հակառակն է: Կառավարությունը պիտի ոչ թե կարգախոսներ ու կոչեր նետի ժողովրդին, այլ ծրագիր ներկայացնի ու բացատրի իր որոշումների պատճառներն ու ակնկալած արդյունքները: Դա այն ծրագիրը չէ, որ պիտի ներկայացվի ԱԺ, դա ժողովրդին ներկայացվող հաշվետվություն է:


ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել «Երևան Սիթի» սուպերմարկետներում կեղծ ձեռնարկատիրության և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելու համար։ «Ալեքս Հոլդինգ» ընկերությունում ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ տարիներ շարունակ ընկերության աշխատակիցների ու նրանց ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցվել են 461 ԱՁ-ներ, որոնք գործել են «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Նախնական հաշվարկի համաձայն ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է 40 միլիարդ դրամ, վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ՝ 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն: Իրավապահները ճշտում են պետությանը պատճառված վնասի չափերը։ Առաջին հայացքից անօրինականությունն ակնհայտ է, բայց պարզվեց, որ Սամվել Ալեքսանյանը միայնակ չի նման որոշում ընդունել, ու բոլորն էլ տեղյակ են եղել: Նպատակն էլ գների ցածր մակարդակ պահելն ու գյուղացիներից գյուղմթերքները ձեռք բերելն է եղել: Թեպետ «սիթիները» դարձան կոռուպցիայի դեմ պայքարի թիրախ, հարցը միայն Սամվել Ալեքսանյանին ու նրա բիզնեսին չի վերաբերում: Արտասահմանյան որևէ մեծ քաղաքում սուպերմարկետներ քաղաքի կենտրոնում չեք գտնի, ուզու՞մ եք մի տեղից ամեն ինչ ու համեմատաբար էժան գնել, բարի եղեք հասնել քաղաքի ծայրամաս ու անպայման աշխատանքային օրերին:

Կիրակի օրերը սուպերմարկետները չեն աշխատում: Փոխարենը հնարավորություն է տրվում փոքր ու միջին բիզնեսին զարգանալ` ապահովելով սպառումը հանգստյան ու տոնական օրերին, երբեմն էլ շուրջօրյա աշխատելով: Հայաստանում հակառակ մոդելն է` սուպերմարկետները քաղաքի բոլոր թաղամասերում են, երբեմն մի քանիսը նույն հատվածում, որ մրցակցությունից դուրս է մղում ոչ միայն շուկաներին, որտեղ տեր ու տիրական են վերավաճառողները, այլև փոքր ու միջին ձեռնարկատերերին: Եվ այս շրջանակում պտտվում են տասնյակ հազարավոր մարդիկ, որ նաև հարկեր չեն մուծում ընդհանրապես: Մի կողմից նրանք վնասում են պետությանը ու կոռուպցիոներ են, նվազագույնը` չարամտորեն խուսափում են հարկեր վճարելուց, մյուս կողմից վերավաճառողների խավը ինքնազբաղվածությամբ աշխատանքի հարց է լուծում: Նրանց մեջ կան և բարձրագույն կրթությամբ մարդիկ, որ աշխատանքի այլ տարբերակ չեն գտել, իսկ ապրել պետք է, ու զբաղվում են վերավաճառքով: Ապահովեք նրանց աշխատանքով ու պահանջեք աշխատել օրինական դաշտում:


Խնդիրը իրականում շատ ավելի խոր է, քան ներկայացվում է հասարակությանը իբրև պայքար կոռուպցիայի դեմ: Հենց այդ պատճառով լուրջ ուսումնասիրություն է պետք ու ոչ թե հետևանքների, այլ պատճառների վերացում: Սամվել Ալեքսանյանի նույնիսկ ձերբակալությունն ու քրեական պատասխանատվության ենթարկելը իրավիճակ չեն փոխի: Պատասխանատվության ենթարկեք բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, ում թողտվությամբ է տեղի ունեցել այս ամենը, իբրև արդյունք ունենալու եք խոշոր բիզնեսի օտարում ու ֆինանսական կապիտալի արտահոսք Հայաստանից, որից փոքր ու միջին ձեռներեցները չեն շահի, ընդամենը կարող է պարենային ճգնաժամ ստեղծվել երկրում, քանի դեռ չեն գտնվել համարժեք արտադրող-սպառող շղթայի կարգավորման մեխանիզմներ:
Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը ասել է, որ իրենց համար ԱԱԾ բացահայտած սխեման գաղտնիք չէր: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասել է, որ ցանցային սուպերմարկետներում գործած մեխանիզմը ներդրվել է բոլորի իմացությամբ, քննարկման արդյունքում, որին մասնակցել է նաև ինքը` եթե գյուղմթերքի վաճառակետերը ավելացված արժեքի հարկի դաշտում գործեին, սուպերմարկետներում 60 տոկոսից ավելի թանկացում կլիներ: «Որպեսզի գյուղացին չտուժի և մթերում իրականացվի, միջանկյալ լուծում է գտնվել»,- ասել է Վահրամ Բաղդասարյանը: Միջանկյալ լուծման օրինականությունն այսօր կասկածի տակ է դրվում քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով: Ինչու՞ իշխանության ու խոշոր բիզնեսի պայմանավորվածությունը օրենքի տեսք չի ստացել: Սա հարց է, որ պիտի պատասխանվի: Ի վերջո` օրենքով արգելված չէ, որ մի տարածքում գործեն երկու կամ ավելի տնտեսավարող սուբյեկտներ։ Այդ եղանակով Հայաստանում գործել է ցանցային առևտրով զբաղվող 11 խոշոր կազմակերպություն: ՈՒ ի՞նչ: Ոմանց համար բացահայտ օրինազանցություն է, ոմանց համար` ապրուստի միջոց, օլիգարխների համար՝ շահույթի միջոց: Հարկային դաշտում իշխանությունն իրավունք չունի ինքնուրույն որոշում կայացնել, հարկերը սահմանվում են օրենքով:


Բիզնեսի չարաշահումները պետք է հայտնաբերեն հարկային տեսչական մարմինները, եթե երեկ կարող էր պատճառաբանվել, որ հարկային մարմինների իմացությամբ ու թողտվությամբ են եղել չարաշահումները, ինչու՞ այսօր էլ ՊԵԿ-ի գործն ԱԱԾ-ն է անում: Կառավարությունը ունի՞ բավարար հնարավորություններ տնտեսության առողջացման համար այստեղ ու հիմա: Բացի ԱԱԾ-ից ու վարչապետի սպառնալիքներից: Նախապատրաստվու՞մ են օրենսդրական փոփոխություններ, որ հարցը հիմքում լուծվի: Վարչական մեթոդների կիրառումն արդյունավետ է կարճաժամկետ հեռանկարում: Բայց որևէ մեկը կարո՞ղ է հիմա ռեալ գնահատել, թե որքանով է շահեկան հարկային դաշտում թափանցիկ աշխատելը, երբ ոչ ոք այդ դաշտում չի աշխատել: Փաստացի ի սկզբանե եղել են անհավասար մրցակցություն և անհավասար պայմաններ: Պետք է գնահատել, թե հարկային օրենսգրքով ու դրույքաչափերով աշխատելու պարագայում ինչքանո՞վ է ՀՀ-ում բիզնեսը շահավետ, որքանո՞վ է բիզնեսի տված արդյունքը մատչելի: Նոր պահանջների կատարման դեպքում ո՞վ կարող է ասել` գները կբարձրանա՞ն, թե՞ կիջնեն: Երբ մրցակցային պայմաններ չկան, խոշոր գործարարների տուգանումները, հարկային դաշտ բերելը կհանգեցնի ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման: Ժամանակ է պետք ստվերից ազատվելու, մրցակցային պայմաններ ստեղծելու ու արդյունքներ ստանալու համար` գների նվազում, բյուջեի եկամուտների ավելացում:


Պետությունը չի հանդուրժում ակտիվիստի քայլեր: Պետությունը կառավարելը միայն որևէ ոլորտում մասնակի բարեփոխում անելը չէ: Պետությունը միասնական կառույց է, բոլոր մասերը պետք է համաչափ ու նույն ուղղությամբ աշխատեն: Պոպուլիզմը շատ արագ հակադարձ արդյունք է տալիս: Եթե ԱԱԾ-ն հայտարարում է, որ նախորդ քաղաքական իշխանության հետ համաձայնեցված նույն սխեմայով են գործել 11 խոշոր առևտրային ցանցեր, ինչու՞ է նրանց կոչ անում ինքնակամ հաշվարկել պարտավորությունների թերակատարումը և նույն քայլերը չի ձեռնարկում նրանց դեպքում: Զգուշանում է սաբոտաժի՞ց ու ընդհանրական դիմադրությունի՞ց, որի հետևանքները կանխատեսելի չեն: Ինչու՞ է Սամվել Ալեքսանյանն ընտրվել ցուցադրական պայքարի օբյեկտ: Թե՞ նոր իշխանությունն էլ հասցրել է յուրայիններ ունենալ, որ անձեռնմխելի են: Պատահակա՞ն էր այս օրերին «Ռոսիա մոլում» «Քարֆուրի» նոր մասնաճյուղի բացումը: Այս ամենից ի՞նչ հետևություն են անում մյուս օլիգարխները: Ի վերջո` միայն Սամվել Ալեքսանյանը չէր, որ տարիներ շարունակ հանգիստ ապրել ու աշխատել է` վստահ, որ իրավապահ կառույցների հետ խնդիր չի ունենա, որովհետև իր բոլոր քայլերը համաձայնեցված են քաղաքական իշխանության հետ: Լինելու՞ է տնտեսական համաներում և նոր պայմաններով աշխատանքի համաձայնություն, թե՞ դիմադրությունը շարունակվելու է այս կամ այն ձևով, այս կամ այն չափով: Մի կողմից դատական գործընթացներով, մյուս կողմից` գնաճով: Իսկ գուցե լուծվում է արտահերթ ընտրություններից առաջ քաղաքականությունից բիզնեսի հեռացմա՞ն հարցը: Իշխանությանը նրանց ծառայությունների ու ծառայությունների դիմաց արտոնություններ տալու անհրաժեշտության վերացման պատճառով: Պատրա՞ստ են նոր պաշտոնյաները կառավարելու: Եվս քանի՞ ֆեյսբուքյան կոչ է անելու Նիկոլ Փաշինյանը` բոյկոտել «թալանչիներին և կոռուպցիոներներին». «Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը»: Իհարկե` ապօրինությունը օրինականության հետ չես համեմատի, խնդիրը օրինականության հաստատումն է բոլոր ոլորտներում: Գյուղնախարար Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով սուպերմարկետների տնօրենների բարձրացրած խնդրին, որ օրինական դաշտում աշխատելիս գնաճ կլինի, ասել է. «Հիմա որոշ ապրանքատեսակների համար տարբերությունը կարող է ընդամենը 50 դրամ լինել, բայց, միևնուjն է, միջինացված, շուկաներում ավելի մատչելի է: Մեզ մոտ շուկաները դարձան ոչ մատչելի, երբ գյուղացու տեղը գրավեցին վերավաճառողները: Հիմա մեր խնդիրն է, բոլորի խնդիրն է, որ կարողանանք այնպես անել, որ գյուղացին բերի իր ապրանքը վաճառի»: Եթե սա է ոլորտի ղեկավարի պատկերացումը, նա չի պատկերացնում իրավիճակը: Գյուղացին արտադրող է, առևտրական չէ: Եթե գյուղացին ստանձում է իր արտադրանքի սպառումը, այսինքն` ժամանակ է հատկացնում, տրանսպորտի ու փոխադրման ծախսեր է, շուկաների վարձ, կվաճառվի, չի վաճառվի պատասխանատվություն, նա այլևս չի հասցնի իր բուն գործն անել: ՈՒ՝ ի՞նչ: Պատասխան ունի՞ գյուղնախարարը «Ի՞նչ անել, որ գյուղացու արտադրանքը վաճառվի իր համար շահեկան գնով, քաղաքացին էլ գնի իր համար շահեկան գնով որակյալ մթերք» հարցին: Թե՞ նա էլ է կոռուպցիայի դեմ պայքարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Սպասել Նիկոլ Փաշինյանի նոր շրջայցին սուպերմարկետներով ու ֆեյսբուքյան գրառումների՞ն, թե՞ կառավարությունը կսկսի աշխատել:

Դիտվել է՝ 3111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ